Հայաստանի անվտանգության ապահովման 11 գործոնները
1․ Հայոց արդիականացվող բանակը
Մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների լայնածավալ գործընթացը։ Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը։
Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով։
2․ Հայ-ռուսական ռազմավարական դաշինքը
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի Միացյալ խմբավորման մասին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա կշարունակեն հագեցվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները։ Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի շրջաններում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր։ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մի շարք հատվածներում սահմանի պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությանը կընդլայնվի։
3․ Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ին
Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին ու աշխատել պայմանագրային և փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման ու կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները։
4․ Տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը
Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է։ Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ Թշնամության խորացումն սպառնալիք է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար։ Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք։
Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին։
Տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված Կառավարության արտաքին քաղաքական ջանքերը մյուս դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման դեպքում կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորմանը։ Այս տեսանկյունից առանցքային է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարություններով նախատեսված քայլերի ամբողջական և անվերապահ իրագործումը։
Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և (կամ) զարգացումը։ Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը և սահմանագծումն էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար։
5․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար։
6․ Բոլոր ուղղություններով նախաձեռնողական և արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը
Կառավարության համար արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից են բոլոր պետությունների և կազմակերպությունների հետ Հայաստանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում ևս Հայաստանի հիմնական գործընկերների հետ փոխշահավետ և բովանդակային փոխգործակցությունը կարևոր բաղադրիչ է պետության անվտանգային ճարտարապետության մեջ։
7․ Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը
Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը։
Հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը։ Ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործումն այդ մարմինների զարգացման և մասնագիտական կարողությունների խորացման առանցքային գործոններից է։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, անհրաժեշտ է ԱԱԾ սահմանապահ զորքերում իրականացնել բարեփոխումներ, մասնավորապես՝
- սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում,
- սահմանապահ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցում,
- պետական սահմանի ինժեներական կահավորում,
- սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածություն։
Կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն։ Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին։
8․ Ահաբեկչության և ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարը
Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոններ են շարունակում մնալ ահաբեկչության և ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարը, այդ ոլորտում Հայաստանի կողմից միջազգային և միջպետական պայմանագրերի ու համաձայնագրերի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կատարումը։
Շարունակվելու է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչության և ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու, ահաբեկչական սպառնալիքները ժամանակին բացահայտելու ու չեզոքացնելու ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքը։ Իրականացվելու են ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, ԵՄ-ի, ՀԱՊԿ-ի, շահագրգիռ միջազգային և միջպետական այլ կառույցների, ինչպես նաև գործընկեր պետությունների իրավասու մարմինների հետ ոլորտային համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը։ Միջոցառումներ են իրականացվելու Հայաստանի Հանրապետության կարևոր օբյեկտների և ենթակաոուցվածքների հակաահաբեկչական պաշտպանվածության մակարդակի բարձրացման, դրա իրագործման համար անհրաժեշտ օրենսդրական և նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, ընդունման, ժամանակակից մարտահրավերներին համապատասխանեցման ու շարունակական կատարելագործման ուղղությամբ։
9․ Օրենքի և իրավունքի դիկտատուրան, իրավակարգը
Իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ներքին անվտանգության ապահովման կարևոր գործոն են։ Անկախ և հանրային վստահություն վայելող դատական համակարգը, արդյունավետ և որակյալ նախաքննությունը, հանրային վստահություն վայելող դատախազությունը, ժամանակակից, շարժունակ ու արհեստավարժ ոստիկանությունը պիտի ապահովեն Կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը։
10․ Աղետներին դիմակայունության բարձրացումը
Տարածաշրջանային անվտանգային հիմնախնդիրները՝ բնակլիմայական, տեխնածին ու մարդածին աղետները, պատերազմները, համաճարակներն ու ահաբեկչությունները, կլիմայական համընդհանուր (գլոբալ) փոփոխությունները, ինստիտուցիոնալ թույլ կառավարումը, ժողովրդագրական փոփոխությունները, պատճառ են դառնում ներքին անկայուն իրավիճակի առաջացման, որի կառավարումը լրացուցիչ ուժեր ու միջոցներ է պահանջում պետությունից։ Այդ առումով ստեղծվելու է ներդաշնակ անվտանգ միջավայր՝ աղետներին դիմակայունության բարձրացման, ռիսկերի նվազեցման, իրազեկման ու կրթվածության արդյունավետ համակարգի ներդրման միջոցով։
Անվտանգության ապահովման հիմնական գործոններից է լինելու աղետների ռիսկի կառավարման ճկուն ու գործուն համակարգը, որի ներդրման շնորհիվ կունենանք պաշտպանված բնակչություն, տնտեսություն, տարածքներ, ենթակաոուցվածքներ, մշակութային ու բնապահպանական օբյեկտներ։ Կատարելով ներդրումներ աղետների ռիսկի կառավարման ոլորտում՝ Կառավարությունն ուղղակի կանխարգելելու և ազդելու է աղետների առաջացման պատճառների վրա՝ խուսափելով հետևանքների վերացման համար պահանջվող անհամեմատ ավելի մեծ ծախսերից։
Աղետներին դիմակայելու տեսանկյունից բնակչության իրազեկվածության և պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով կրթական համակարգում պարբերաբար մշակվելու, թարմացվելու և ներդրվելու են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության հարցերով կրթական ծրագրեր։
11․ Տնտեսական զարգացումը և սոցիալական կայունությունը
Զարգացող և հարկունակ տնտեսությունը պիտի գոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար։ Նման ռեսուրսներ կարող է ապահովել միայն բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտադրողական, ինչպես նաև բնապահպանական միջազգային չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսությունը։ Քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, սոցիալական կայունությունը, առողջապահական և հակահամաճարակային արդյունավետ համակարգերի գոյությունը ներքին անվտանգության ապահովման համար ունեն առանցքային նշանակություն։
* ՀՀ կառավարության ծրագիր (2021-2026 թթ.), էջ 5-9