Ես, ինչպես ցանկացած հայ, տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանություններից. Մամիջանյանը՝ Պուտինի հայտարարության մասին (տեսանյութ)
Ես, ինչպես ցանկացած հայ, տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանություններից, որովհետև հարցը վերաբերում էր ոչ թե Արցախի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիային, այլ ՀՀ նկատմամբ, ՀՀ ինքնիշխան ու միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիաներին:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին՝ օրերս ՌԴ նախագահը, խոսելով ՀԱՊԿ-ի և Հայաստանի մասին, նշել էր, որ տարօրինակ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը գնար և Արցախում կռվեր Հայաստանի կողմից և անուղղակի ակնարկել էր, թե ինչու Արցախի անկախությունը չի ճանաչվել, ինչո՞ւ ՀՀԿ-ն չի ճանաչել Արցախը:
Մամիջանյանը նշեց, որ հարցի 2-րդ մասի հետ կապված 2 փաստարկ կա:
Նրա խոսքով՝ 1-ին պատճառը, որ ՀՀ-ն չի ճանաչել Արցախի անկախությունը հնչեցվել է բազմիցս, որովհետև անկախության ճանաչումը ենթադրում է բանակցային գործընթացի ավարտ, հետևաբար, ակտիվ պատերազմական գործողությունների վերսկսում:
Նրա խոսքով՝ այդ պայմանի առաջ քաշելուց ի վեր ՄԱԿ-ում երբևէ հակահայկական բանաձև չի ընդունվել: «Իսկ 2016-ին ՀՀ-ում ԵԱՀԿ անդամ երկների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը զգուշացրել էր՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեն 7 օր, ապա ՀՀ-ն ճանաչելու է Արցախի անկախությունը:
Պատերազմական գործողությունները դադարեցվեցին 4-րդ օրն՝ Ադրբեջանի խնդրանքով: Ես հարց հնչեցնեմ՝ երբ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ լայնամասշտաբ պատերազմը արդեն գնում էր, ինչից խուսափում էիր, էլ խուսափելու բան չունեիր, ինչո՞ւ չճանաչեց: Լավ կլինի ինքը պատասխանի, թե ինչու չի գնացել այդ քայլին»,- ասաց նա: