Սիրիական բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար ալ-Ասադի իշխանության ավարտի մասին
Սիրիական բանակի հրամանատարությունը տեղեկացրել է Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման մասին:
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով սիրիացի սպային, որի անունը չի նշվում։
Բարձրաստիճան սպաների խոսքով՝ Ասադը Դամասկոսից հեռացել է անհայտ ուղղությամբ, իսկ ապստամբները հայտնել են, որ մայրաքաղաք են մտել առանց բանակի դիմադրության հանդիպելու:
Ըստ Flightradar կայքի՝ սիրիական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը օդ է բարձրացել Դամասկոսի օդանավակայանից մոտավորապես այն ժամանակ, երբ ապստամբները գրավել են մայրաքաղաքը։
Այն սկզբում թռչել է դեպի Սիրիայի ափամերձ շրջան, սակայն հետո կտրուկ թեքվել է ու մի քանի րոպե սլացել հակառակ ուղղությամբ և անհետացել է քարտեզից։
Ավելի վաղ սիրիացի ապստամբները հայտարարել էին, որ գրավել են երկրի մայրաքաղաք Դամասկոսը և հայտարարել Ասադի կառավարության տապալման մասին։
