Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից. Բերիո թեմի առաջնորդ
Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուներն այսօր հանդիպել են հայ և այլ քրիստոնյա համայնքապետների հետ, հայտնում է «Գանձասար» օրաթեթրը։
Նշենք, որ Ազգային առաջնորդարանը կոչ է արել Սիրիայում ապրող հայերին զուսպ և զգուշավոր լինել տեղի ունեցող այս փոփոխությունների փուլում և բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։
Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Բերիո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանը:
«Կարող ենք ասել, որ ապահովություն լինելու է, չպետք է վախենանք։ Ընդհակառակը՝ պետք է հուսանք, որ մոտ ապագայում ամեն ինչ պետք է լավ լինի։
Իրենք ասում են, որ լավ կլինի, որ ամեն մարդ սկսի աշխատանքին գնա, թեև որոշ տնտեսական դժվարություններ ունենք։
Բանկերը փակ են, տակավին դպրոցները փակ են։ Բայց մոտ ժամանակներս՝ հավանաբար մեկ շաբաթից համալսարաններն ու դպրոցները կսկսեն իրենց բնականոն ընթացքի մեջ մտնել։
Մաղթենք, որ բանկային դրությունն էլ կկարգավորվի», — ասաց Աշգարյանը։
Ըստ արքեպիսկոպոսի՝ քաղաքում իրավիճակը խաղաղ է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։
Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։
Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ներսիրիական բանակցություններից հետո լքել է պաշտոնը և երկիրը։
