Մեր առջեվ դրված է կոռուպցիայի դեմ համակարգված պայքար մղելու բարդ, բայց կարեվոր հրամայական. Արսենյան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով համաժողովին:
Էդգար Արսենյանը, համաժողովի պանելային քննարկումների շրջանակում, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի իրավական նոր գործիքակազմերին և այդ պայքարում առկա մարտահրավերներին:

Վարչության պետի խոսքով՝ կոռուպցիան՝ որպես գրեթե բոլոր պետությունների առջև ծառացած ժամանակակից խնդիր, խարխլում է իրավունքի գերակայության և ժողովրդավարության հիմքերը, խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, տնտեսության աճին և զարգացմանը, պետական մարմինների գործունեության նկատմամբ հանրային վստահության ձևավորմանն ու ամրապնդմանը:
«Ուստի, մեր առջև դրված է կոռուպցիայի դեմ համակարգված պայքար մղելու բարդ, բայց կարևոր հրամայական»,- նշել է Էդգար Արսենյանը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու հարցում, ի թիվս այլնի, կարևորել է Գլխավոր դատախազության կազմում ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները:
«Վարչությունը գրեթե ամբողջովին կազմափոխվել է, համալրվել է բարձր մասնագիտական որակներ և պատրաստվածություն ունեցող դատախազներով, որոնց գերակշիռ մասը երիտասարդ կադրեր են, ովքեր արդեն իսկ հաղթահարել են դրական բարեվարքության շեմը և իրենց ամենօրյա աշխատանքով ապացուցում են իրենց պատրաստակամությունը՝ պատասխանատու այս ոլորտում ծառայելու Հայաստանի Հանրապետությանը»,- ընդգծել է Էդգար Արսենյանը:
Վարչության պետն անդրադարձել է նաև կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով Դատախազության որդեգրած պատժողական խիստ քաղաքականությանը, փողերի լվացման վերաբերյալ քննվող քրեական վարույթներով նոր մոտեցումներին, ինչպես նաև պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարելու ընթացակարգի վերաբերյալ Կառավարության որոշմանը:
