Նոբելյան մրցանակի 77 դափնեկիր կոչ է արել Ռոբերտ Քեննեդի կրտսերին չնշանակել ԱՄՆ առողջապահության նախարար
Քիմիայի, տնտեսագիտության, բժշկության և ֆիզիկայի ոլորտներում Նոբելյան մրցանակի դափնեկիրները դիմել են ԱՄՆ Սենատին՝ կոչ անելով դեմ գնալ Ռոբերտ Քեննեդի կրտսերին ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարի պաշտոնում նշանակելուն։
Այս մասին ասվում է 77 դափնեկիրների համատեղ նամակում։
The New York Times-ի հրապարակած փաստաթղթում այս կոչը բացատրվում է Քեննեդի կրտսերի՝ այս պաշտոնի համար անհրաժեշտ փորձի բացակայությամբ։
Նամակի հեղինակները նաև նշում են, որ նման անձի նշանակումը «կվտանգի հանրային առողջությունը և կխաթարի առողջապահության բնագավառում Ամերիկայի համաշխարհային առաջնորդությունը»։
Թրամփը ավելի վաղ ասել էր, որ մտադիր է Քենեդի կրտսերին կարևոր դեր տալ իր վարչակազմում: Ինքը՝ Քեննեդի կրտսերը, ասել էր, որ ծրագրում է պայքարել ԱՄՆ առողջապահական համակարգում կոռուպցիայի դեմ։
Քաղաքական գործչի խոսքով՝ Թրամփը խնդրել է իրեն երեք բան՝ արմատախիլ անել կոռուպցիան պետական առողջապահական հաստատություններում, բժշկական հաստատությունները վերադարձնել ոսկե ստանդարտի և ապացույցների վրա հիմնված գիտության ավանդույթին և կրկին առողջացնել Միացյալ Նահանգները՝ վերջ տալով քրոնիկական հիվանդությունների համաճարակին։
