1 ամսով կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս, խմբակցությունից գուցե դուրս գամ. Հակոբ Ասլանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։
Նա դիմել է խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ:
«Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ՝ փոխելու իմ մոտ ձևավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին, և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,- հայտարարել է պատգամավորը։
Նա ասել է, որ մեկ ամիս շարունակ չի մասնակցի ո՛չ խմբակցության նիստերին, ո՛չ կուսակցական հավաքներին։ Եթե իր առաջադրած այս պայմանը չկատարվի, ամենայն հավանականությամբ, ՔՊ խմբակցությունից դուրս գալու որոշում կկայացնի, բայց կշարունակի մնալ ՔՊ կուսակցության շարքերում, քանի դեռ իրեն չեն հեռացրել։ Ասլանյանը նաև ավելացրել է՝ մանդատը ցած չի դնի:
«Մանդատը ինձ հնարավորություն է տալիս ավելի լայն ձևով ձեռք մեկնել այս կամ այն հարցի լուծմանը: Մանդատի շնորհիվ շատ հարցեր են լուծվել»,- ասել է Ասլանյանը՝ հայտնելով, թե ինչու չի ուզում դնել մանդատը:
Հարցին՝ եթե իրեն առաջարկեն ստորագրել Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու ենթադրյալ մի հայտարարության տակ, ի՞նչ կպատասխանի, Ասլանյանը նշել է. «Գրողի ծոցը կուղարկեմ: Ես մի առիթով ասել եմ՝ ես ինքնասպան կլինեմ, եթե էս ընդդիմությունն իշխանության գա, էստեղ ընդդիմություն չկա: Նույնիսկ եթե կուսակցությունից դուրս գամ, ես կլինեմ վարչապետի կողքին»:
