Մեկ ամսով խմբակցությանն անդամակցությունը սառեցնելու ընթացակարգ գոյություն չունի. ՔՊ-ն լուծման այլ ելքեր է նշում

Մեկ ամսով խմբակցությանն անդամակցությունը սառեցնելու ընթացակարգ գոյություն չունի:

Այս մասին Petutyun.com-ին  հայտնեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված իրավիճակին, ով հայտարարել է, որ մեկ ամսով սառեցնում է իր անդամակցությունը ՔՊ խմբակցությանը՝ կապված Հովիկ Աղազարյանի հետ ստեղծված իրավիճակի հետ:

«Այդպիսի կանոնակարգ չկա, կուսակցությունը չունի նման ընթացակարգ»,-նշեցին ՔՊ-ից հավելելով, որ ստեղծված իրավիճակի լուծման մի քանի տարբերակ կա. կամ Հակոբ Ասլանյանը պետք է հայտարարի, որ ընդհանրապես դադարեցնում է իր անդամակցությունը ՔՊ խմբակցությանը, կամ էլ ՔՊ խմբակցությունն ինքն է որոշելու՝ Հակոբ Ասլանյանին թողնել խմբակցությունում, թե հեռացնել:

Նշվեց նաեւ, որ դեռ ոչինչ չեն կարող ասել, թե որ տարբերակը կընտրվի, դա պարզ կլինի առաջիկայում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդել ենք, որ  ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, խմբակցությունից գուցե դուրս գա,  բայց մանդատը վայր չդնի:

You may also like...