Սրահների ջահերը միացված են եղել, միացնող-անջատողն ասում է՝ «արա, ո՜վ է սրա տերը, պետական փող ա, էլի». վարչապետ

«Չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց ինձ թվում է՝ մեր բյուջեն բավականին արդյունավետ ենք ծախսում: Իհարկե, արդյունավետությունը սահման չունի, բայց վերջին տարիներին մենք բավական ներդրում ենք արել մեր մասնագիտական կարողությունների վրա, որը թույլ է տալիս ամեն տարի ավելի արդյունավետ ծախսել մեր գումարները»:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ինչ վերաբերում է արդյունավետությանը, իմ աշխատասենյակում կան որոշ սրահներ, որոնք օգտագործում ենք, և ես տեսախցիկով տեսնում եմ: Մի օր նկատեցի, որ այդ սրահներում, որտեղ ես օրերով չեմ մտնում, և մարդ էլ չի մտնում, ջահերը լրիվ միացված են, այսինքն՝ հոսանք է միացրած:

Ես մեր գործընկերներին ասացի՝ ժողովուրդ ջան, այդ լույսներն ինչո՞ւ եք վառած պահում, եթե այդտեղ իրադարձություն տեղի չի ունենում, ու հետագայում սկսեցինք անջատել:

Բայց ես հետո հետադարձ սարսափով մտածեցի, որ վերջին 6,5 տարվա ընթացքում և դրանից առաջ՝ ուրիշ 6,5 տարիների ընթացքում, այդ ջահը միացված է եղել, որովհետև միացնող-անջատողն ասում է՝ «արա, ո՜վ է սրա տերը, պետական փող ա, էլի»:

Հիմա եկեք նայենք, թե այդ ջահերը ինչքան են անիմաստ պետական բյուջեից փող տարել, որ հաշվենք, կարողա սարսափելի թիվ լինի»:

You may also like...