Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Դեկտեմբերի 12-ին Նյու Դելիում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցությունները:
Խորհրդակցությունները հնդկական կողմից վարել է Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Ջ. Պ. Սինգհը:
Հիմնվելով 2023թ. ապրիլին Երևանում կայացած նախորդ եռակողմ խորհրդակցությունների արդյունքների վրա՝ կողմերը քննարկել են հաղորդակցային ուղիների նախաձեռնություններին, բազմակողմ հարթակներում ներգրավվածությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։
Նախանշվել են նաև առևտրի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների խթանման, մարդկանց միջև շփումների ամրապնդման ուղիները:
Խորհրդակցությունների ընթացքում պատվիրակություններն ընդգծել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շրջանակներում սերտ համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով Չաբահար նավահանգստի դերը:
Հայկական կողմը մասնակիցներին ներկայացրել է հաղորդակցային ուղիների վերաբերյալ իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Երեք կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը տվյալ ձևաչափի շրջանակներում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եռակողմ խորհրդակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Իրանում՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում:
