Երբ դու մեկնեցիր Արցախ, դեռեվս հայտնի չէր, որ Արցախը դավաճանված ու լքված է. Չալաբյանը՝ Ռուբեն Վարդանյանին
Երբ դու մեկնեցիր Արցախ, և քո վրա վերցրեցիր այն ոտքի կանգնեցնելու ծանր բեռը, դեռևս հայտնի չէր մեզ, որ Արցախը դավաճանված ու լքված է:
Այս մասին իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը՝ դիմելով Արցախի նախկին պետնախարար, այժմ Բաքվի բանտում գտնվող գործարար Ռուբեն Վարդանյանին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուբեն ջան,
Համոզված չեմ, որ այս նամակը քեզ կհասնի, ու նույնիսկ չգիտեմ, թե երբ մեզ բախտ կվիճակվի նորից հանդիպել:
Երբ դու մեկնեցիր Արցախ, և քո վրա վերցրեցիր այն ոտքի կանգնեցնելու ծանր բեռը, դեռևս հայտնի չէր մեզ, որ Արցախը դավաճանված ու լքված է: Այն պահին դեռ հույս կար, ու դու քո մեծ սրտով կառչեցիր այդ հույսից, և փորձեցիր այն իրականություն դարձնել:
Նույնիսկ այն պահին, երբ Արցախն արդեն շրջափակված էր, դու՝ պաշտոնազրկված, դու չէիր հրաժարվում այդ հույսից, չէիր հանձնվում, ձեռքերդ քշտած Հակոբավանքն էիր վերականգնում, կարիքավորներին էիր օգնում, մարդկանց էիր հույս տալիս՝ իրենց հետ կիսելով քո մեծ հույսը, քո մարդկային շնորհները, քո կյանքով ստեղծածը, ու իրենց հետ կիսելով նաև իրենց դառը ճակատագիրը:
Պինդ մնա քո կռվում, անկոտրում ու աննահանջ: Աստվածային արդարությունը հաղթանակում է, և քո տառապանքը նոր ուժ է տալու արդարներին, նոր հույս՝ ազատասերներին, և նոր հավատ՝ քո բոլոր քույրերին ու եղբայրներին: Աստված քեզ զորավիգ ու պահապան:
