Անհայտ ծագման ծխախոտ՝ ալյուրի եվ թեփի վաճառակետում. ով է այն իրացրել
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում դեկտեմբերի 18-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տանձուտ գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը գյուղում գտնվող ալյուրի և թեփի իր վաճառակետում առանց համապատասխան հարկային հաշիվների, նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմապիտակների վաճառում է անհայտ ծագման ծխախոտ:
Նույն օրը այցելություն է կատարվել Տանձուտ գյուղի նշված հասցե: 38-ամյա տղամարդը հայտնել է, որ վաճառակետում տարբեր տեսակի ծխախոտներ կան, որոնք պատրաստ է ներկայացնել:
Զննությամբ հայտնաբերվել է տարբեր տեսակի 1020 տուփ ծխախոտ:
Տանձուտցի տղամարդը հայտնել է, որ վերջին չորս ամիսների ընթացքում վերավաճառելու նպատակով ձեռք է բերել 3000 տուփ տարբեր տեսակի ծխախոտ, որոնցից շուրջ 2000 տուփը վերավաճառել է տարբեր մարդկանց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:
