Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղենիշները
Հետճգնաժամային արագ և համապարփակ վերականգնումը պահանջելու է մի շարք շրջանակային բարեփոխումներ՝ ուղղված տնտեսության ներուժի վերականգնմանը։ Ներդրումների ծավալների և համատարած արտադրողականության աճը կարող է տեղի ունենալ բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրի առկայության պայմաններում։ Գործարար և ներդրումային միջավայրի ճկունությունն ապահովելու նպատակով իրականացվելու են կառուցվածքային բարեփոխումներ, որոնք նպատակ են ունենալու ընդլայնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հասանելի տնտեսական հնարավորությունների դաշտը և առավելագույնս խրախուսելու հատկապես գիտելիք ձևավորող ներքին և օտարերկրյա մասնավոր ներդրումները, բարձրացնելու վերջիններիս շահութաբերությունը։
Տնտեսական քաղաքականության թիրախներին հասնելու համար անհրաժեշտ է լինելու ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել առնվազն 25%-ի։ Կառավարության քաղաքականությունը միտված է լինելու օտարերկրյա ուղղակի ներդրումներ/ՀՆԱ 6% հարաբերակցություն ապահովելուն՝ շեշտադրելով որակյալ, գիտելիքահենք ներդրումային ծրագրերը։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքն ապահովելու է նոր գիտելիքի, կառավարման հմտությունների զարգացումը և արտաքին գործարար կապերի ընդլայնումը։ Միաժամանակ, Կառավարությունը գիտակցում է ներքին ներդրումների կարևորությունը։ Ջանքեր են գործադրվելու, և միջոցառումներ են իրականացվելու ներքին ներդրումները խրախուսելու և գործող տնտեսավարողների արտադրական հնարավորություններն ընդլայնելու համար։
Սահմանափակ ներքին շուկայի պայմաններում Հայաստանի Հանրապետության ներդրումային գրավչությունը պայմանավորված է լինելու նաև ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, Իրանի շուկաների հասանելիության և, միաժամանակ, գործարար ու ներդրումային միջավայրի տվյալ շուկաների համադրությամբ առավել բարենպաստ լինելու հանգամանքներով։
Կառավարության ներդրումային քաղաքականության նպատակներից են ապահովել ներդրումների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ՝ միջազգային լավագույն պրակտիկաների ձևաչավտվ՝ կարևորելով ազատ ու հավասար մրցակցությունը, բիզնեսի համար կանխատեսելիությունը և առաջնային դիրքի պահպանման նպատակով դրա շարունակական բարելավումը։
Ներդրումային քաղաքականության առաջնահերթ թիրախը նորարարական, նոր գիտելիք ստեղծող ծրագրերի իրագործման համար առավել արագ և ճկուն գործընթացների, ինչպես նաև մրցունակության գործոնների առավելագույն հասանելիության ապահովումն է։
Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար Կառավարության առաջնահերթ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ են՝
- կապիտալի և ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացումը,
- գործարար և աշխատանքային հարաբերությունների ճկունության բարձրացումը,
- ենթակառուցվածքների և ռեսուրսների հասանելիության բարձրացումը, ինչպես նաև ռիսկերի նվազեցումն առաջնահերթ ծրագրերի համար,
- տնտեսության թվայնացման և տեղեկատվության հասանելիության մակարդակի բարձրացումը։
Հայաստանի Հանրապետության տնտեսական հնարավորությունները շարունակում են մնալ չբացահայտված՝ աշխարհի, իսկ հաճախ նաև՝ տեղական ներդրողների համար։ Ներդրումային որոշումների համար առանցքային դեր է խաղում տնտեսական տեղեկատվության բարձր և հավասար հասանելիությունը։ Նախատեսվում է ակտիվացնել աշխատանքները Հայաստանի սոցիալ-մշակութային և տնտեսական բազմավեկտոր նկարագրերի ձևավորման և շարունակական զարգացման ուղղությամբ։ Այս նպատակով Կառավարությունը որդեգրելու է գործարար տեղեկատվության և շուկաների ոաումնասիրությունների հնարավորինս լայն տարածման քաղաքականություն՝ այսպիսով նվազեցնելով ներդրողների համար առաջնային որոշում կայացնելու համար անհրաժեշտ ժամանակը։
- Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու արժեթղթերի շուկայի ակտիվացման և զարգացման ուղղությամբ։
- Աջակցություն է տրամադրվելու ընկերություններում արդիական կորպորատիվ կառավարման համակարգերի ներդրման և լրացուցիչ խթանների միջոցով այդ ընկերությունների զարգացման համար։
- Բարելավվելու է աշխատանքային օրենսդրությունը, մասնավորապես գործատու — աշխատող պայմանագրային հարաբերությունների այնպիսի կարգավորումներ կսահմանվեն, որոնք նպաստում են և՛ բիզնեսի, և՛ մասնագետի կայուն զարգացմանը։
- Պարզեցվելու են բարձր որակավորում կամ հատուկ գիտելիքներ ունեցող օտարերկրյա մասնագետների ներգրավման ընթացակարգերը։
- Ներդրողների համար ապահովվելու է տնտեսական ենթակաոուցվածքների առավելագույն հասանելիություն։ Համաձայն Կառավարության սահմանած կարգի՝ այս նպատակի համար 5 տարվա ընթացքում տրամադրվելու է առնվազն 50 մլրդ դրամ։
- Նորարարական աջակցության գործիքակազմի միջոցով չեզոքացվելու են տնտեսությունում առկա ռիսկերը՝ տնտեսական բարդություն ապահովող ներդրումային ծրագրերի համար։
- Մասնավոր հատվածում գիտահետազոտական աշխատանքները, գյուտարարությունն ու նորարարությունը խրախուսելու նպատակով ստեղծվելու են արտոնագրված գյուտերի առևտրայնացումից ստացվող եկամուտների հարկման առավել խրախուսող մեխանիզմներ։
- Իրականացվելու են շուկայական ուսումնասիրություններ՝ թիրախավորելով ներդրումային գրավչության և ծրագրերի մշակման համար առանցքային տեղեկատվության բացահայտումը։ Ոաումնասիրությունները համատարած հասանելի կլինեն Հայաստանի և օտարերկրյա ներդրողների համար՝ ապահովելով ներդրումային որոշումների կայացման արագացումը։
- Մշակվելու է թվային տնտեսության հայեցակարգը՝ թիրախավորելով տնտեսավարողների թվային կարողությունների զարգացումը, թվային տնտեսության համար առանցքային ենթակառուցվածքների հասանելիության և որակի բարձրացումը, ինչպես նաև տեղեկատվության հասանելիությանն առնչվող կարգավորումների ճկունությունը։
- Մշակվելու է մտավոր սեփականության ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ ստեղծագործական և ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու, մտավոր սեփականության իրավունքի արդյունավետ և հուսալի պահպանություն և պաշտպանություն ապահովելու նպատակով։
- Հայաստանի տնտեսության մեջ կանանց և երիտասարդների դերակատարությունը բարձրացնելու նպատակով իրականացվելու են միջազգային շուկաներում վերջիններիս գործարար կապերի և մրցունակ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր։
* ՀՀ կառավարության ծրագիր (2021-2026 թթ.), էջ 23-26