Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ուղենիշները

Կառավարությունը մեծապես կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ) և համալիր քայլեր է ձեռնարկելու ոլորտում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ։ Ընդլայնվելու է սկսնակ ձեռներեցների աջակցության գործիքակազմը՝ նորարար ձեռներեցների համար զգալիորեն բարձրացնելով ֆինանսների, ձեռնարկատիրական հմտությունների ու կապերի, ինչպես նաև գիտելիքի հասանելիությունը։ Աճելու է բնակչության տնտեսական ակտիվությունը մարզերում, ստեղծվելու են եկամտի այլընտրանքային աղբյուրներ, ապահովվելու է աճի ներառականությունը։ Ներառական տնտեսության տեսանկյունից ՓՄՁ-ների դերի մեծացման հրամայականից ելնելով՝ Կառավարությունն ակտիվորեն աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը՝ 5 տարիների ընթացքում ՓՄՁ-ների մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 55%-ի։

Ձեռներեցության խրախուսումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստեղծարար ներուժի իրացման անկյունաքարն է լինելու։ Միաժամանակ Կառավարությունը կարևորություն է տալիս նորարարական գաղափարների իրականացմանը և վերջինիս միջոցով եկամտի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանը և հետճգնաժամային շրջանում Հայաստանի Հանրապետությունում մրցակցային առավելությունների իրացմանը։

Ներառական տնտեսական աճի խթանման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվելու մարդկային կապիտալում ներդրումների, նոր աշխատատեղերի ստեղծման, տնտեսության մեջ խտրականության վերացման ու մասնակցայնության բարձրացման ուղղությամբ։

ՓՄՁ-ի զարգացման համար Կառավարության հիմնական քայլերն ուղղվելու են ՀՆԱ-ում ՓՄՁ-ների տեսակարար կշռի աճին և համաչափ տարածքային զարգացմանը, մասնավորապես հետևյալ նպատակների իրականացմանը.

  • նորարարական նախաձեռնությունների և ծրագրերի խրախուսում,
  • գործարար կարողությունների զարգացում,
  • շուկաների հասանելիության ապահովում,
  • ձեռնարկությունների աշխատանքի արտադրողականության խթանում,
  • ֆինանսների հասանելիության ապահովում։

Այդ նպատակով իրականացվելու են հետևյալ աշխատանքները.

  • Ձեռնարկվելու են քայլեր՝ ուղղված ՓՄՁ-ի խրախուսմանը, մասնավորապես ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման ու կարողությունների ձևավորման միջոցով։
  • Ստեղծվելու է տեխնոլոգիաների և գյուտերի առևտրայնացման կառույց։
  • Իրականացվելու են միջոցառումներ «Made in Armenia» բրենդի կայացման, մասնավորապես միջազգային շուկաներում հայաստանյան արտադրողների ներկայացվածության և ճանաչելիության աստիճանի բարձրացման ուղղությամբ։ Այս նպատակով Կառավարությունը հատկապես ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ-ների շրջանակում տեղական արտադրանքի միասնական բրենդի մշակումն ու առաջխաղացումն արտաքին շուկաներում։
  • Մշակվելու է «Արտադրել Հայաստանում» հայեցակարգը՝ խթանելով օտարերկրյա ընկերությունների ներգրավվումը։
  • Ստեղծվելու է սոցիալական նորարարության աջակցության կենտրոն՝ միտված սոցիալական ձեռներեցության և սոցիալական միջավայրի զարգացմանը։ Ներառական աշխատուժի համար վերապատրաստման և վերաորակավորման միջոցով իրականացվելու են սոցիալական համակարգի կատարելագործմանն ուղղված քայլեր։
  • Տնտեսության տարբեր ոլորտներում ստեղծվելու են կանանց ներգրավման, մասնավորապես աշխատանքը և մայրությունը համատեղելու համար առավել լայն հնարավորություններ։
  • Ձեռնարկվելու են միջոցներ գյուղերում ոչ գյուղատնտեսական ձեռնարկատիրության խրախուսման ու ոչ գյուղատնտեսական հմտությունների ձեռքբերման համար նպաստավոր պայմանների ստեղծման, մասնավորապես ներկայումս մեծ պահանջարկ ունեցող հմտությունների ձևավորման ու զարգացման ուղղությամբ։
  • ՓՄՁ-ի զարգացման ոլորտում, մասնավորապես գործառնական լիազորությունների տրամադրմամբ, Կառավարությունը նպաստելու է ոլորտային ասոցիացիաների ստեղծմանը, զարգացմանն ու կայացմանը։
  • Կրթական համակարգի տարբեր փուլերում ներդրվելու են ձեռնարկատիրական ունակությունների զարգացման դասընթացներ։

* ՀՀ կառավարության ծրագիր (2021-2026 թթ.), էջ 26-27

You may also like...