Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության և արտահանման խթանման ուղենիշները

Արտադրողականության աճի շնորհիվ արտադրության ծավալների ավելացումը ենթադրում է նաև իրացման, այդ թվում՝ արտահանման ծավալների աճ։ Արդյունաբերության երկարաժամկետ մրցունակության տեսանկյունից Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում տարատեսակ տեղական արտադրանքների ներկայացվածության, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման և արտահանման խթանման ապահովման ու զարգացման ուղղությամբ։

  • Տեղական շուկայի ռեսուրսների օգտագործման տեսանկյունից Կառավարությունը նպաստելու է տեղական և ԵԱՏՄ անդամ արդյունաբերական ընկերությունների միջև կոոպերացիոն կապերի զարգացմանը և Հայաստանում կլաստերների ձևավորմանը, ապահովելու է արտաքին շուկաներում Հայաստանի տնտեսավարողների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը և վերջիններիս առավելությունների մասին իրազեկմանը, որն անհրաժեշտ է թե՛ տեղական, թե՛ արտաքին շուկաներում իրացման ծավալների ավելացման տեսանկյունից։
  • Նախատեսվում է ընդլայնել արտահանման ապահովագրության գործիքակազմը, ներդնել միջազգային փորձում կիրառվող մի շարք գործիքներ և Հայաստանի արտահանող ընկերությունների համար ստեղծել առևտրի ֆինանսավորման ավելի լավ պայմաններ և ավելի մեծ հնարավորություններ՝ նվազեցնելով նաև արտահանման գործարքներից բխող ռիսկերը։
  • Կառավարությունը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության համար եվրասիական ինտեգրումն առաջնային ուղղություններից մեկն է, որը թույլ է տալիս բարելավել բիզնեսի համար տնտեսավարման պայմանները, ընդլայնել համագործակցությունն ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր հարթակներ տնտեսական ներուժի իրագործման համար։
  • Հայաստանի Հանրապետության կողմից գործադրվելու են առավելագույն ջանքեր Եվրասիական տնտեսական միության ինստիտուցիոնալ զարգացումը շարունակելու և ակտիվացնելու, ինտեգրման դրական դինամիկան պահպանելու, ինչպես նաև առկա խնդիրները լուծելու համար։
  • Կառավարությունը կարևորում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) առևտրի և առևտրին առնչվող հարցերի ուղղությամբ ամրագրված դրույթների և պայմանավորվածությունների արդյունավետ իրականացումը։
  • Կառավարությունը կարևորում է ԵՄ-ի Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը, ինչպես նաև Արևելյան գործընկերության ներքո Հայաստանի համար առաջնահերթ նախաձեռնությունների և ընթացիկ ծրագրերի արդյունքների թիրախային ներդրումը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում։ Նախատեսվում է նաև համագործակցության ընդլայնումը և խորացումն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ առևտրի դյուրացման, արտաքին շուկաների ընդլայնման և շուկաների մատչելիության մեծացման նպատակով։

* ՀՀ կառավարության ծրագիր (2021-2026 թթ.), էջ 27-28

You may also like...