Կառավարությունը նախատեսում է բարձրացնել նոտարական ծառայությունների սակագները
Հայաստանի կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել նոտարական ծառայությունների սակագների սահմանման գործում՝ հաշվի առնելով վերջին տասնամյակում երկրի սոցիալ-տնտեսական փոփոխությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագծի հիմքն այն է, որ 2011 թվականից ի վեր սոցիալ-տնտեսական ցուցանիշներն էականորեն փոխվել են․
ՀՆԱ-ի աճ՝ ավելի քան 3 անգամ, միջին աշխատավարձի կրկնակի աճ, սպառողական գների ինդեքսի 47 տոկոս աճ։
Բացի այդ, «Նոտարիատի մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում նոտարական գործողությունների շրջանակն ընդլայնվել է, ավելացել է իրականացվող ծառայությունների ծավալը։
Այս ամենին զուգահեռ նոտարների համար սահմանվել է նոր հարկման ռեժիմ՝ պարտադիր ԱԱՀ-ի և շահութահարկի կիրառմամբ, ինչը զգալիորեն ավելացրել է նրանց հարկային բեռը։
Ակնկալվող արդյունքներն են նոտարական ծառայությունների որակի բարելավումը և համակարգի արդյունավետության բարձրացումը, նոտարական գրասենյակների նյութատեխնիկական ապահովվածության և աշխատակիցների սոցիալական երաշխիքների ամրապնդումը, պետական բյուջեի հավելյալ հարկային եկամուտների ակնկալվող աճը՝ մինչև 1.6 մլրդ դրամի չափով։
