Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին․ վարչապետը՝ նախկին նախագահներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կրկին անդրադարձել է նախկին նախագահներին բանավեճի հրավիրելուն։
«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք:
Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք եւ ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միեւնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»,- գրել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավիճել Լեռնային Ղարաբաղի թեմայով:
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, սակայն, մերժել են նրա հետ բանավիճելու առաջարկը։
