Աֆղանստանում Պակիստանի ԶՈւ-ի հարվածից զոհվել է 46 մարդ

46 մարդ զոհվել է Փակտիկա նահանգում (երկրի արեւելք), աֆղանա-պակիստանյան սահմանին՝ Պակիստանի ՌՕՈւ հարվածի հետեւանքով։

Այսպիսի պնդմամբ հանդես է եկել Աֆղանստանի՝ «Թալիբան» արմատական շարժման կազմավորած  կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։

«Երեկ երեկոյան (երեքշաբթի) պակիստանցիները հարվածներ են  հասցրել Փակտիկա նահանգի Բարմալ շրջանին։ Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 46 [մարդ], որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են»,- ասել է նա Agence France-Presse-ին։

Վեց մարդ վիրավորվել է, ավելացրել է Մուջահիդը։

Դեկտեմբերի 24-ին «Թալիբան» շարժման պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Պակիստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Փակտիկա նահանգի շրջանին։

Գերատեսչությունը դատապարտել է պակիստանյան կողմի գործողությունները՝ ընդգծելով, որ դրանք խախտում են միջազգային նորմերը եւ «որեւէ խնդրի լուծում չեն»։

ՊՆ-ն նաեւ նշել է, որ միջադեպը «անպատասխան չի մնա»։

You may also like...