Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետեվանքով 38 մարդ է զոհվել, դիերն անճանաչելի են. մանրամասներ

Ղազախստանի Ակտաու քաղաքում Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 38 մարդ։

Այս մասին հայտնել է Ղազախստանի փոխվարչապետ, արտակարգ պատահարի պատճառների հետաքննության պետական հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը:

«Ներկա պահին հայտնի է 38 զոհի մասին»,- ասել է Բոզումբաևը Ակտաուում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Փոխվարչապետը նշել է, որ զոհվածների դիերն անճանաչելի վիճակում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել է ղեկի կառավարումը:

Անձնակազմը վթարային իրավիճակ է հայտարարել՝ ստիպված լինելով վայրէջք կատարել Ակտաուում։ Վայրէջքի պահին այն կործանվել է: Օդանավում եղել է Ադրբեջանի 37, Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 և ՌԴ-ի 16 քաղաքացի:

You may also like...