Ինչ վիճակում են ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո Ակտաուից տարհանված ռուսաստանցիները
Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարից հետո Ակտաուից տարհանված ՌԴ քաղաքացիների վիճակը գնահատվում է ծանր։Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ «Ցենտրոսպաս» ջոկատի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Վիկտոր Բելինսկին։
«Բոլոր տուժածները գտնվում են օդանավում, նրանց վիճակը ծանր է, բայց ենթակա են տեղափոխման։ Կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն, մինչև հասնեն Մոսկվա», — ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Ակտաուից մեկնել է Մոսկվա, որպեսզի մայրաքաղաք տեղափոխի ավիավթարի հետևանքով տուժած ինը ռուսաստանցու, այդ թվում՝ մեկ երեխայի։
Հիշեցնենք` ադրբեջանական «AZAL» ավիաընկերության «Embraer 190» ուղևորատար ինքնաթիռը, որը Բաքվից պետք է մեկներ Գրոզնի, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում։
Վերջին տվյալներով՝ ինքնաթիռում 69 մարդ է եղել, որոնց մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիներ են։
Օդանավում եղել են նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներ։ Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ ողջ է մնացել 32 մարդ։
Քանի դեռ հետաքննությունն է ընթանում, ավիաընկերությունը չեղարկել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա բոլոր չվերթերը։
