Ինչ է լինելու, եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի ապօրինի գույքի բռնագանձման օրենքը. Գալյանի պարզաբանումը (տեսանյութ)

Ճիշտ եք, Սահմանադրական դատարանում կա վարույթ, որի շրջանակներում քննարկվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը. թե ինչ կասի Սահմանադրական դատարանը, մենք ուղղակի պետք է սպասենք և տեսնենք։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադդատության նախարար Սրբուհի Գալյանը:

Հարցին՝ եթե Սահմանադրական դատարանը համարի, որ հակասահմանադրական է այն օրենքը, որով դուք, մարդկանց գույքը համարել եք ապօրինի և բռնագանձել եք, ի՞նչ է տեղի ունենալու, Գալյանը պատասխանեց.

«Կոնկրետ ես գույքը չեմ համարել ապօրինի, ապօրինի համարել է դատարանը և որոշ դեպքերում նաև համաձայնություն է տվել կողմը և կնքել է հաշտություն:

Այսինքն Պողոս Պողոսյանը ինքը համաձայնում է որ իր գույքը ապօրինի է և հաշտություն է կնքում դատախազության հետ:

Հաշտության համաձայնությունները չեն կարող վիճարկվել, դրանք վերջնական են, Ութ դեպքերում կնքվել են հաշտության համաձայնություններ և այս առումով վիճարկումներ բացարձակ չկան:

Սահմանադրական դատարանը, եթե որևէ նորմ սահմանի Սահմանադրությանը հակասող և անվավեր, ապա, իհարկե, պետք է մենք բացառենք այդ նորմի գոյության հնարավորությունը: Դա, իհարկե, կարող է բերել հետևանքների:

Գուցեև անհրաժեշտություն առաջանա որոշակի գործեր վերանայելու, կախված նրանից, թե ինչ կասի Սահմանադրական դատարանը»:

You may also like...