Քննարկվել են առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բարեփոխումները

Առողջապահության նախարարության ու ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բարեփոխումների առաջնահերթ ուղղությունները:

Նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Մուսկատի հետ քննարկել են գերատեսչության մշակված ու հաստատված ռազմավարությունը, ներկայացվել է առողջության առաջնային օղակում էլեկտրոնային առողջապահության և հոգեկան առողջության դերի բարձրացման տեսլականը:

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային փորձագետների, վերապատրաստումների, ուղեցույցների մշակման, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման, բժշկական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներում ԱՀԿ գործընկերների հնարավոր ընդգրկվածությունը:

Հանդիպմանն առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի մեկ տարվա աշխատանքն է ներկայացրել նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը:

You may also like...