2025-ին մեր աշխատանքը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ։
Հանդիպմանը նախևառաջ շնորհակալություն եմ հայտնել ներկաներին՝ վերջին տարիներին կառույցի արձանագրած ձեռքբերումների համար, որոնք պետությանը տեղափոխել են զարգացման նոր մակարդակ։
2025 թվականին Կոմիտեի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների։ ՊԵԿ-ի տեսլականը պետք է լինի՝ հասարակության համար դառնալ հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող կառույց, իսկ մարդակենտրոնությունն ու մարդկային արժեքները լինելու են առաջնային։
2024 թվականին հարկերը հավաքագրվել են տնտեսական զարգացումներին համահունչ։ Իրականացված վարչարարության արդյունքում ստվերի որոշակի նվազում է արձանագրվել, սակայն անելիքներ դեռ շատ կան։ Ստվերի դեմ կոշտ և օբյեկտիվ պայքարը, դրա չափումների և գնահատումների էական բարելավումը լինելու է 2025-ի առաջնահերթություններից։
Էական ձեռքբերումներ են արձանագրվել միջազգային համագործակցության, ինչպես նաև թվայնացման ուղղություններով։ Թվայնացումն ակտիվ շարունակվելու է նաև եկող տարի։ 2025 թվականի օրակարգում է նաև ռիսկերի վերլուծությունների գործիքակազմի բարելավումը։
Առանցքային բարեփոխումներից է լինելու մաքսային ընթացակարգերում ժամանակատարության նվազեցումը։ Այս ուղղությամբ դրական փոփոխություններն ակնհայտ են, սակայն սահմանային անցակետերում ժամանակի կրճատումն առաջնահերթ է։
Կոռուպցիայի դեմ անխնա պայքարը ևս 2025-ի հիմնական առաջնահերթություններից է լինելու. կոռուպցիոն և անօրինական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու։
Հանդիպման ավարտին ընդգծել եմ, որ հետևողական եմ լինելու նախանշված առաջնահերթությունների իրագործման ու առաջադրված խնդիրների լուծման հարցում և հորդորել եմ դրսևորել պատշաճ նախաձեռնողականություն ու երկարաժամկետ մտածողություն՝ նպաստելով համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը և ամրապնդելով հասարակության կապը մեր մեծ ընտանիքի բյուջեի (պետական բյուջեի) հետ»,- «Ֆեյսբուք»-ում գրել է Հակոբյանը։
