Գյումրիի «Չոր նավահանգիստ» ծրագիրը դեռ արդիական է. Շիրակի նորանշանակ մարզպետ
Գյումրիի «Չոր նավահանգիստ» ծրագիրը դեռ արդիական է: Արմենպրեսի փոխանցմամբ, այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը:
«Այս կոնցեպտը կա, այս ծրագիրը փոխկապակցված է սահմանների բացման հետ:
Ծրագիրը կա, և ամեն հարմար պահի դրա հետ կապված քննարկումներ են լինում։ Եթե ներդրումներ են գալիս, նրանց առաջարկվում է ներդրումներ անել հենց այս ծրագրում: Այնպես որ, այս ծրագիրը կա ու մնում է արդիական»:
Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին՝ Դավիթ Առուշանյանը փաստեց՝ կա լուրջ վերահսկողության խնդիր՝ կապված աշխատանքների որակի և ժամկետների հետ: «Քաղաքացիները հիմնականում դժգոհում են ժամկետներից ու որակից:
Ինձ համար ստեղծված իրավիճակն աբսուրդ է՝ համայնքը գումարի խնդիր չունի՝ տալիս է, կառավարությունը հաստատում է գումարները, սակայն մենք չենք կարող կազմակերպել մրցույթների ճիշտ ընթացքը և շինարարությունը: Այստեղ ունենք խիստ վերահսկողության խնդիր»,-ասաց Դավիթ Առուշանյանը՝ խոստանալով խիստ վերահսկողություն իրականացնել հատկապես սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքում:
Իրենց գործում թերացող նախագծային և շինարարական ընկերությունների հանդեպ, ըստ մարզպետի, անհրաժեշտ է կիրառել պատժի մեխանիզմներ:
