Crocus City Hall-ի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել

Թուրքիան մեղադրանք է առաջադրել Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն կատարելու մեջ կասկածվողներին։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչության հետաքննության բյուրոյի նախապատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ամբաստանյալներ Խոֆիզջոն Ուսմոնովը, Մություլլո Ասոևը, Ռախմատուլլո Սալիկովը, Մուհամմադրահիմ Ֆաիզովը և Համզա Մուհամմեդը շփումներ են ունեցել Մոսկվայի մարզում ահաբեկչության մասնակցիներ Շամսիդին Ֆարիդունիի և Սաիդակրամ Ռաջաբալիի հետ։

Ամբաստանյալներից մեկը՝ Տաջիկստանի քաղաքացի Ֆաիզովը, մուտք է գործել Թուրքիա կնոջ և երեխայի հետ։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է նաև, որ Էսենլերն ավտոկայանից դուրս եկող ավտոբուսային երթուղիներում ստուգումների ժամանակ Ֆաիզովին և նրա ընտանիքի անդամներին նկատել են ավտոբուսից իջնելիս և ճամփեզրին սպասելիս, այնուհետև նրանց ձերբակալել են։

Մերձմոսկովյան Կրասնոգորսկի Crocus City Hall համերգասրահում 2024-ի մարտի 22-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել. հարձակվողները ավտոմատ զենքերից կրակ էին բացել շենքում գտնվող մարդկանց վրա և այրել դահլիճը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 145 մարդ։ Գործի շրջանակում կան տասնյակից ավել կալանավորված անձինք:

You may also like...