ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լյուքսեմբուրգ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ սեմինար և B2B ձևաչափով հանդիպումներ անցկացնելու նպատակով։
Այցի շրջանակներում Արմեն Արզումանյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախարար Ֆրանց Ֆայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները։
Արմեն Արզումանյանը հանդիպումներ է ունեցել նաև Լյուքսեմբուրգի Առևտրի պալատի գործադիր տնօրենի, ինչպես նաև Cargolux ընկերության ներկայացուցչի հետ։
Բիզնես ֆորումին ողջույի խոսքով ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգի Առևտրի պալատի միջազգային հարցերով տնօրեն տիկին Սինդի Տերեբայը:
Միջոցառման շրջանակներում ներկայացվեց նաև Հայաստանի տնտեսության և բիզնես միջավայրի վերաբերյալ շնորհանդեսը, որից հետո հայկական գործարար պատվիրակությունը B2B հանդիպումներ է ունեցել Լյուքսեմբուրգի գործընկերների հետ, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Լյուքսեմբուրգի Առևտրի պալատի տնտեսական գործունեության պաշտոնական «MERKUR» ամսագիրը միջոցառման կապակցությամբ իր ամենամսյա համարում Հայաստանի մասին ծավալուն հոդված է հրապարակել։
Միջոցառման շրջանակներում գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի քանի լյուքսեմբուրգյան ընկերությունների հետ՝ ուսումնասիրել Հայաստանում բիզնես սկսելու հնարավորությունները։
