Բելառուսի նախագահը ներողություն չի խնդրել Զելենսկուց․ Լուկաշենկոյի մամուլի քարտուղար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հերքել է Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, թե Բելառուսի նախագահը ներողություն է խնդրել իրենից 2022 թվականի հակամարտության առաջին օրերին։ Այս մասին հաղորդում է РБК-ն։
Հիշեցնենք, որ նախօրեին ամերիկացի բլոգեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում Զելենսկին ասել էր, որ 2022 թվականի փետրվարին Լուկաշենկոն իր հետ հեռախոսազրույցում արդարացել էր, որ ինքը կապ չունի ռազմական գործողության հետ։
Նա, Զելենսկու խոսքով, ներողություն է խնդրել Բելառուսի տարածքից Ուկրաինա ռուսական հրթիռների արձակման համար։ Զելենսկին ասել է նաև, որ Լուկաշենկոն իրեն խորհուրդ է տվել չկռվել ռուսների հետ, իսկ Ուկրաինայի նախագահն իր հերթին իր զրուցակցին մարդասպան է անվանել։
Նատալյա Էյսմոնտը բացատրել է, որ երկու երկրների ղեկավարների զրույցը կայացել է «բացառապես Բելառուսի նախագահի կրտսեր որդու՝ Նիկոլայի հուզական արձագանքի շնորհիվ, ով իր հեռախոսով անձնական շփում է ունեցել Զելենսկու հետ»։
Նրա խոսքով՝ Լուկաշենկոն Զելենսկիին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Նախագահ Լուկաշենկոն, այն ժամանակ և հիմա, վստահ է, որ այս հակամարտությունը մեծապես պայմանավորված է Զելենսկու քաղաքականությամբ։ Եթե նա ավելի քիչ լսեր իր արևմտյան հսկիչներին և առաջնորդվեր իր ժողովրդի շահերով, ապա այս պատերազմից կարելի էր խուսափել»,- ասել է Էյսմոնտը։
