Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին եվ մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է. (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 39-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շուրջ 25 գրամ մեթամֆետամին։

Հաջորդ դեպքում մայրաքաղաքի քրեական ոստիկանները Բեկնազարյան փողոցում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեթամֆետամինով, հերոինով ու մարիխուանայով չորս փաթեթ և ծալովի դանակ։

Հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելով՝ քրեական ոստիկանները Կաշեգործների փողոցում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու, այս դեպքում՝ նաև իրացնելու կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։

Ձերբակալման ժամանակ նա գրպանից նետել է մարիխուանայով լցված 14 փաթեթ։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

You may also like...