Իրաքում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հունվարի 7-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Նշվում է, որ շնորհավորելով ՀՀ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն:
Դեսպան Սողոյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Իրաքի հետ զարգացնելու բազմաոլորտ համագործակցություն, մասնավորապես` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:
Հանդիպմանը առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը: