Մարզերում տնտեսական ակտիվությունը մնում է ցածր. Մակարյան
Անցած տարի համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամի ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր, կեսից ավելին՝ գրեթե 32 մլրդ դրամը, պետությունն է հատկացրել, ինչը 2023-ի համեմատ ավելի է մոտ մեկ միլիարդով։
Իշխանությունները սուբսիդավորումը հանրապետության բոլոր բնակավայրերի համաչափ և կայուն զարգացման գործիք են համարում, մինչդեռ տնտեսագետ Գագիկ Մակարյանը Ազատության հետ զրույցում ասել է, որ համայնքների համաչափ զարգացումը համալիր պետք է դիտարկել, և սուբվենցիան բավարար գործիք չէ։
«Առաջինը, որ այնտեղ չկան բավարար քանակով արտադրություններ և ծառայությունների կենտրոններ, որտեղ մարդիկ կարող են աշխատել: Երկրորդը՝ չկան զվարճանքի և բարեկեցության պայմաններ, որոնք առաջացնում է միգրացիա, քանի որ իրենք աշխատանք գտնել չեն կարող, կամ իրենց կյանքը միապաղաղ է, ապրելու պայմանները կենցաղային տեսանկյունից ոչ այնքան մաքուր են», — ասաց նա։
Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն էլ օրերս նկատել էր՝ համայնքների սեփական եկամուտների աճ է արձանագրվել. 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 2.2 միլիարդով: Սակայն, ո՛չ սուբվենցիաների աճը, ո՛չ համայնքի եկամուտների աճը չեն փոխում մարզերում բնակչության տնտեսական ակտիվության պատկերը:
«Հայաստանի 6 մարզերի տնտեսական պոտենցիալն այնքան փոքր է, որ իրենք չեն մասնակցում ՀՆԱ-ի ձևավորմանն ամբողջ ՀՀ-ի մասշտաբով: Օրինակի համար Երևանին ու 4 մարզերին բաժին է ընկնում ՀՆԱ-ի մոտավորապես 67 տոկոսը, ապա մնացած մարզերը համարյա չեն մասնակցում ՀՆԱ-ի ձևավորմանը», — ասաց Գագիկ Մակարյանը։
ՀՆԱ-ի մեջ գրեթե մասնակցություն չունեցող մարզերն են Գեղարքունիքը, Վայոց ձորը, Շիրակը, Լոռին, Արագածոտնը: Տնտեսագետը նկատեց՝ Կոտայքը, Արմավիրն ու Արարատը մոտ են մայրաքաղաքին, իսկ Սյունիքում հանքարդյունաբերությունն է ՀՆԱ-ում իր տեղն ունենում:
Սուբվենցիոն ծրագրերը հիմնականում, ըստ Մակարյանի, ուղղվում են ենթակառուցվածքների՝ ջրագծերի և ճանապարհների կառուցմանը: Մակարյանն ընդունում է՝ լավ ճանապարհը դրական ազդակ է բիզնեսի համար, սակայն համայնքի կյանքը միայն դրանով չի զարգանա. — «Վերլուծություններ կան, ապացուցուցում են, որ ՀՀ-ի ամբողջ աշխատավարձի ֆոնդի 80 տոկոսը բաժին է ընկնում միայն Երևանին, 20 տոկոս է բաժին ընկնում 10 մարզերին»։
Իշխանությունն այլ կարծիքի է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամռանը Տավուշ կատարած այցի ընթացքում՝ Իծաքարում, հայտարարեց՝ ճանապարհ են կառուցում, որից օգտվելով գյուղացին պիտի աշխատանք ստեղծի:
Համայնքների համաչափ զարգացման համար մյուս լավ, բայց չկիրառվող գործիքը Գագիկ Մակարյանը համայնք, բանկեր ու բիզնես գործակցությունն է համարում: Նա հիշեցրեց՝ գյուղերում գույքն էժան է, բանկերը գրավադրում չեն ընդունում, համայնքը կարող է իր գույքով երաշխիք տրամադրել տեղի բիզնեսի համար:
