«Արեվմտյան Ադրբեջան» ադրբեջանական նարատիվը տարածքային պահանջ է ՀՀ-ի նկատմամբ. նախարար

«Մենք շարունակում ենք ստանալ ադրբեջանական կողմից ապացույցներ այն մասին,  որ Արևմտյան Ադրբեջան կոչված ադրբաջանական նառատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է, կա՛մ հավակնություններ է, կա՛մ ենթադրում է ոտնահարում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամաբ»:

Այս մասին պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, այն է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին․ որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ նաև Երևան», նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա շարունակել է․

«Նույնիսկ անունից սկսած, եթե նայենք Արևմտյան Ադրբեջանը, Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի հանրապետության արևմտյան շրջաններն են, Հայաստանի տարածքը անվանել Արևմտյան Ադրբեջան արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամաբ հավակնությունների մասին, նույնիսկ իրենց կառույց ունեն ստեղծած՝ Արևմտյան Ադրբեջանի համայնք:

Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ո՛չ թե Հայաստանի ադրբեջանցիների , ո՛չ թե անգամ Հայաստանից ադրբեջանցի փախստականների կամ որևէ այլ համայնք, այլ Արևմտյան Ադրբեջանի համայնք:

Եվ այս կազմակերպությունը ոչ միայն իր հայտարարություններով, այլև նույնիսկ կանոնադրական փաստաթղթերում շատ հստակ ցուց է տալիս, և ենթադրում են իրենց կանոնադրական փաստաթղթերը, սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

Այնպես, որ սա հերթական շինծու և հավակնոտ առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում է հենց ուղղակիորեն, և իրենք չեն էլ թաքցնում, ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների կողմից»։

Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանը երբեք չի թաքցրել, որ խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, և նրանք հեռացվել են Հայաստանից Խորհրդային միության փլուզման գործընթացին զուգընթաց:

«Բայց ուզում եմ կարևորել և ընդգծել շատ ուշագրավ և անվիճարկելի հանգամանք։ Նախ՝ Հայաստանից Ադրբեջանցիները հեռացել են ճնշող մեծամասնությամբ, այսինքն հակառակը ուղղակի եզակի բացառություն է, բավականին քաղաքակիրթ ճանապարհով , կարող եմ անգամ թվեր բերել․ 100 ընտանիք կարողացել է վաճառել իր բնակարանը, բռնագաղթի կամ բռնի տեղահանության ժամանակ այդպիսի բան պատկերացնել հնարավոր չի:

Պատկերցնում եք՝ 100 ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, եթե ճիշտ եմ հիշում թիվը 12 հազար ընտանիքից ավել կարողացել է փոխանակել բնակարանները Ադրբեջանում ապրող հայերի հետ և 160 հազարից ավել մարդ՝ ադրբեջանցի, ովքեր հեռացել են Հայաստանից, ստացել են Հայաստանի կառավարությունից փոխհատուցում , հետևաբար այստեղ իրավունքներն էլ են սպառված։

Մենք կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում  ապրող, եթե Լեռնային Ղարաբաղն էլ հետը հաշվենք, շուրջ 500 հազար հայերի և հիշել նրանց ճակատագիրը, հիշել Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը , մյուս հալածանքները, և այս ամենը ինչը, որ ես ասում եմ՝ փաստ է, փաստաթղթավորված փաստ, թե՛ մեր տված փոխհատուցումները, որոնց վերաբերյալ փաստաթղթեր կան, թե՛ հայերի ջարդերը Ադրբեջանում, և այս մասին նույնիսկ Խորհրդային միության վերջին շրջանում դատավարություններ են եղել և այլն,- կարևորեց նախարարը։

Անդրադառնալով նաև այն հարցին, նման քննարկում երբևէ եղե՞լ է հայկական և ադրբեջանական կողմի հետ, Միրզոյանը ընդգծեց․

«Նման հարց մեր օրակարգում չկա»։

You may also like...