Հնարավոր է` Դոնալդ Թրամփն ԱՄՆ–ում տնտեսական արտակարգ դրություն հայտարարի․ԶԼՄ

Հնարավոր է` ԱՄՆ–ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելու արարողությունից հետո տնտեսական արտակարգ դրություն հայտարարի` ներմուծման մաքսատուրքեր սահմանելու նպատակով։ Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հեռուստաալիքի` Թրամփը ազգային տնտեսական արտակարգ դրությունն օգտագործելու հնարավորությունը դիտարկում է ինչպես դաշնակիցների, այնպես էլ ընդդիմախոսների դեմ լայնածավալ տուրքերի սահմանման իրավական հիմնավորման համար: Այս տեղեկությունը հայտնել են չորս իրազեկ աղբյուրներ։
CNN-ի զրուցակիցները պնդել են, որ Թրամփը մտադիր է կիրառել միջազգային տնտեսական արտակարգ լիազորությունների մասին օրենքը (IEEPA): Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում այդ փաստաթուղթը նախագահին թույլ կտա անձնական վերահսկողության տակ վերցնել ներմուծման կարգավորումը։
Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին: Հատկապես Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացման գաղափարը բազմիցս հնչել է նրա նախընտրական հայտարարություններում։
Թրամփը մտադիր է չինական ապրանքների համար 10% լրացուցիչ մաքսատուրք սահմանել։ Ավելի վաղ նա հայտարարել էր 60-100% մաքսատուրքերի սահմանման հնարավորության մասին։
Այլ երկրներից ներմուծման համար նա առաջարկել էր ևս 10% ունիվերսալ տուրք, բայց ավելի ուշ պարզաբանեց, որ Մեքսիկայի և Կանադայի կարող են սահմանվել տուրքերի առանձին սակագներ (25%):

You may also like...