Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկին»՝ ամրագրված սկզբունքներով. վարչապետն ընդունել է Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությանը:


Ալի Աքբար Ահմադիանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները:
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շեշտել է, որ Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքակրթական հարուստ անցյալը և երկու ժողովուրդների շրջանում ջերմ շփումները վստահություն են հաղորդում, որ փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի ամրապնդվել և խորանալ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը վերաբերող հարցեր և համոզմունք հայտնել, որ կողմերն ունեն համագործակցության նոր հնարավորություններ, այդ թվում՝ տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության և այլ բնագավառներում:

Կարևորվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ իրանական կողմի հետ փոխգործակցության զարգացումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ ավտոմայրուղու կառուցումը նոր ազդակ կհաղորդի նաև երկկողմ առևտրաշրջանառության և բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը:
Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Ալի Աքբար Ահմադիանը նշել է, որ Իրանն աջակցում է վերոնշյալ նախագծի իրականացմանը՝ դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա:
