1300-ից ավելի ստուգում, 2 մլրդ դրամից ավելի վարչական պատասխանատվություն. ՔՏՀԱ տեսչական մարմինն ամփոփել է տարին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից 2024 թվականին իրականացվել է 1300-ից ավելի ստուգում և դիտարկում, 55 հազարից ավելի տարբեր ուսումնասիրություն։

Ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները, այս մասին ասուլիսում ասել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ նշելով, որ ընդհանուր կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 8600-ից ավելի վարչական ակտ։

Տուգանքի ընդհանուր գումարը գերազանցում է 2 մլրդ դրամը։ Տեսչական մարմնի վերահսկողության տակ գտնվող ռիսկային ուղղություններից է տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտը։

«Տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում 2024 թվականին իրականացրել ենք 2300-ից ավելի ստուգում, հետազոտություն։ Հայտնաբերված խախտումների թիվը գերազանցում է 4500-ը։ Մեր ուշադրության կենտրոնում են եղել գազալցակայանները, բենզալցակայնները, հեղուկ վառելիքի պահեստարանները։ Ասեմ, որ 120 օբյեկտի գործունեություն դադարեցվել է, որոնցից 27-ը գործընկեր գերատեսչությունների հետ իրականացված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել է»,- ասել է Գարեգին Խաչատրյանը։

Խոշոր առևտրի կենտրոններում 2023 թվականին մեկնարկած վերահսկողության գործընթացները շարունակվել են նաև 2024 թվականին։

You may also like...