Կառավարության դրական եզրակացությունը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։

Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով առկա գործիքակազմի միջոցով ընձեռնվող հնարավորությունները: Ի թիվս այլ մեխանիզմների, ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման տեսլականին համահունչ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում փոխադարձ ընդունելի լուծումների հասնելու և երկարատև կայունություն ապահովելու ուղղությամբ:

Այդ համատեքստում, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի վերջնականացման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով ՀՀ կողմից ներկայացված առաջարկությունները: Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար հարցերի:
