Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն. հանդիպում է ծրագրված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
Հունվարի 14-ից 15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում:
«ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նախորդ՝ 2024 թվականին նշանավորվեցին ակտիվ քաղաքական երկխոսությամբ և արժեքավոր ձեռքբերումներով։ Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը։
Հունիսի 11-ին Երևանում կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը և ուրվագծվեց հարաբերությունների խորացման տեսլականը՝ միտված երկկողմ երկխոսության կարգավիճակը ռազմավարական գործընկերության բարձրացնելուն:
Նիստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել էր. «Մեր գործընկերության առանցքում է ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը:
Մեր երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնվել և ներառել Հայաստանի դիմակայունության և կայուն զարգացման համար կարևոր ուղղություններ։
Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների աճող բնույթն ու դինամիկան՝ մենք հուսով ենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի, որը կարող է ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցության կառուցվածքային հիմքերը»:
Տարվա ընթացքում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցությունն ակտիվ է եղել տարբեր մակարդակներում և հարթակներում՝ ներառյալ նախարար Միրզոյանի և պետքարտուղար Բլինքենի երկկողմ հանդիպումների ձևաչափով»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
