Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը։
Այս մասին հունվարի 14-ին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Քոսը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։
«Դա ընտրություն է, և մենք պետք է շատ ուշադիր քննարկենք բոլոր հայտերը, նույնը կլինի Հայաստանի դեպքում:
Սակայն այս ընտրությունը, եթե Հայաստանը որոշի դիմել, կապված է որոշակի պարտավորությունների հետ:
Վստահ եմ, ինչպես նաև դա կա իմ ծրագրում՝ տարվա առաջին կեսին այցելել Հայաստան՝ տեղում տեսնելու, թե ինչ պետք է անենք նախապես կամ ինչի մասին է անհրաժեշտ փոխանակել տեղեկատվություն», — նշել է նա:
Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին` այն ուղարկելով խորհրդարանի քննարկմանը։
