Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. (լուսանկարներ, տեսանյութ)

Քիչ առաջ Վաշինգտոնում ՀՀ Արտաքին հործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։

0014.jpg (84 KB)

«Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում»,-իր խոսքում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

0017.jpg (68 KB)

«Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ»,- իր հերթին նշեց Միրզոյանը։

Նա հավելեց, որ փաստաթուղթն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում։

016.jpg (71 KB)

«Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նույնքան կարևոր է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տնտեսական դիմակայունության խթանման գործում։

Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։

Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից»,- հավելեց Միրզոյանը:

0018.jpg (78 KB)

Ավելի վաղ Երևանում կայացած ասուլիսին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել էր Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու, այդ նպատակով կայանալիք պաշտոնական երկկողմ հանդիպման ու սպասվող փաստաթղթի մասին հարցին:Արտգործնախարարը  չէր հերքել տեղեկությունը, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրելու են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։

Առանց փակագծեր բացելու՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել էր, որ հայ-ամերիկյան նախկին պայմանավորվածությունները ենթադրում են նման փաստաթղթի ստորագրում:

You may also like...