Մենք վճռականորեն հավատարիմ ենք մեր հարեվանների հետ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում, Տաջիկստան մեկնելուց առաջ, հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն իր վարչակազմի առաջնահերթություններից է, որը սահմանել է Գերագույն հոգևոր առաջնորդը, և այս կառավարությունում եռանդուն կերպով հետամուտ են լինելու այս խնդրին, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Հարևան Տաջիկստան ուղևորության ընթացքում, որի հետ ունենք ընդհանուր լեզու և պատմություն, կստորագրվեն համատեղ փաստաթղթեր ջրի, գյուղատնտեսության, գիտության, մշակույթի, արդյունաբերության, առևտրի, տրանսպորտի և հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության վերաբերյալ, և մենք կփորձենք խորացնել մեր հարաբերություններն այս երկրի հետ»,- ասել է նա։
Իրանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստան և Տաջիկստան այցն իրականացվում է՝ ի պատասխան այս երկու երկրների նախագահների պաշտոնական հրավերի։ «Ռուսաստան այցի ընթացքում կստորագրվի նաև համապարփակ ռազմավարական փաստաթուղթ՝ տնտեսական, գիտական, արդյունաբերական, գյուղատնտեսական և անվտանգության հարցերի վերաբերյալ»,- ասել է Փեզեշքիանը։
