ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության եվ հանձնաժողովի վերաբերյալ

Ի պատասխան ԶԼՄ հարցերի՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ.

«Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ կանոնադրությունը, և թե’ հայկական, թե’ ամերիկյան կողմից հրապարակվեց համատեղ աշխատանքների արդյունքում մշակված ու վերջնական համաձայնեցված բուն փաստաթղթի ամբողջական նույնական տեքստը։

Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը և միաժամանակ մեկնարկ է տրվում հանձնաժողովի, որն այն ձևաչափն է, որի շրջանակներում կողմերն աշխատելու են կանոնադրության մեջ ամրագրված նպատակների կյանքի կոչման, կանոնադրության մեջ հիշատակվող ոլորտային ուղղություններով համագործակցության հարցերի քննարկման, համակարգման նպատակով»։

Հիշեցնենք՝ հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

You may also like...