Խաղաղության պայմանագրի տեքստում Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ կետ չկա․ Սիմոնյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստում Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ կետ չկա, նման քննարկում գոյություն չունի:
«Խաղաղության պայմանագրի մեջ Սահմանադրության վերաբերյալ կետ չկա: Եվ նման քննարկում գոյություն չունի: Մնացած երկու կետերի վերաբերյալ, որ Բայրամովն ասել է, քննարկումները կշարունակվեն:
Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ շատ դրական է այն փաստը, որ հակառակ կողմը նույնպես նշում է, որ մնացել է երկու կետ, որը պետք է քննարկել»,- անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Հայաստանի սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հերթական հայտարարությանը՝ ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը:
Նա հավելեց՝ 2020 թվականի նոյեմբերի 9–ից հետո կանխատեսվում էին նոր պատերազմ, նոր իրադարձություններ:
«Մենք կարողացանք ինչ-որ ձևով կառավարել, գալ, հասնել այն բանին, որ ունենք համաձայնեցված մեկ տասնյակից ավելի կետեր: Դա, իմ կարծիքով, շատ մեծ հաղթանակ է երկու կողմերի համար: Ունե՛նք երկու պետությունների միջև կնքված առաջին իրավական փաստաթուղթը, որը պատմության մեջ աննախադեպ բան է: Ունե՛նք դելիմիտացված սահման, ունե՛նք համաձայնեցում, տրամաբանություն՝ այդ սահմանի գործընթացը շարունակելու: Այո՛, ես համարում եմ, որ գործընթացը դրական է: Եվ ողջունում եմ այն հայտարարությունը, որ ունենք ևս երկու կետ, որոնց վերաբերյալ մենք պետք է դեռ քննարկումներ իրականացնենք»,- ասաց նա:
Անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող՝ միջազգային ատյաններից Հայաստանի և Ադրբեջանի դեմ միմյանց հայցերը հետ կանչելու պահանջին՝ Սիմոնյանն ասաց՝ քննարկում են, կհասկանան՝ արդյոք ՀՀ-ին ձեռնտու է նման տրամաբանությամբ առաջ գնալը, թե՞ ձեռնտու չէ:
Նա հիշեցրեց, որ նաև Հայաստանի դեմ հայցեր կան ներկայացված: Խաղաղության պայմանագրի տեքստում գերիների վերադարձի կետի ներառման հնարավորություն Սիմոնյանն այս պահի դրությամբ չի տեսնում․ «Դա առանձին թեմա է, որով անընդհատ զբաղվում ենք: 150-ից ավելի գերի ունեինք, հիմա ունենք 23 հաստատված գերի, որից 11-ը Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն է»։
