Թուրքիայում աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի, երկրում ազգային սուգ է հայտարարվել, ձերբակալվել՝ 9 մարդ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համազգային սուգ է հայտարարել Բոլու նահանգի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների համար։
Վերջին տվյալներով՝ Քարթալկայա հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 76 մարդ։ Տուժել է 51 մարդ։ Մեկ զբոսաշրջիկի վիճակը գնահատվում է ծանր։ Նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են։
Հիշեցնենք՝ «Գրանդ Քարթալ» հյուրանոցում հրդեհը տեղի է ունեցել հունվարի 21-ի գիշերը։ Հրդեհը բռնկվել է հյուրանոցի չորրորդ հարկի ռեստորանում և արագ տարածվել շենքով՝ փայտե երեսպատման պատճառով։
Հրդեհի պահին հյուրանոցում եղել է 237 զբոսաշրջիկ, այդ թվում՝ երեխաներով ընտանիքներ, որոնք հանգստավայր էին եկել դպրոցական արձակուրդների ժամանակ։ Հրդեհային ազդանշանային համակարգը չի աշխատել:
Բազմաթիվ հյուրեր, արթնանալով ծխի հոտից, հայտնաբերել են, որ միջանցքներն արդեն լցված են ծխով, և դրանց միջով անցնելն անհնար է։ Փախչելու համար մարդիկ ցած են իջել կապված սավաններով կամ դուրս են նետվել այրվող շենքի պատուհաններից։
Թուրքիայի իշխանությունները ողբերգության հետաքննություն են սկսել։
