ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է հասարակության մեջ հայտարարագրման համակարգի հետ կապված կեղծ թեզերի մասին
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը խորհրդարանում իր եզրափակիչ ելույթում անդրադարձել է հայտարարագրման համակարգի հետ կապված մի քանի դրույթների, որոնք, ըստ նրա, ակտիվորեն տարածվում են հասարակության մեջ:
«Բարեկամից գումար ստացար՝ հարկվելու է: Դա բացարձակ սուտ է, նման բան չկա:
Երկրորդ թեզը, որ տարածվում է՝մարդիկ մտածում են՝ այս հայտարարագիրը կոռուպցիայի կանխարգելման հայտարարագրի տրամաբանության ներքո նույնպես լինելու է հրապարակային: Սա ակնհայտ սուտ է: Նման բան, իհարկե, չկա: Այն լինելու է փակ, ավելին ասեմ՝ ՊԵԿ համակարգում հասանելիությունը տվյալ հայտարարագրերին լինելու է շատ սահմանափակ մարդկանց կողմից և ապահովելու է շատ պատշաճ մակարդակի անվտանգություն՝ տվյալների արտահոսքերը բացառելու ուղղությամբ աշխատանքներ են արվելու»,- ասել է Գևորգյանը:
Նրա խոսքով՝ ճիշտ է, որ նույնականացման համակարգի հետ կապված՝ քաղաքացիները կունենան որոշակի խոչընդոտներ, որովհետև հարկավոր է ստանալ ID քարտ, եթե դեռ չունես ID քարտ, հարկավոր է ձեռք բերել մոբայլ ID ասվածը, որը տրամադրվում է օպերատորների կողմից:
«Սա, իհարկե, որոշակի անհարմարություններ կպատճառի մեր քաղաքացիներին, բայց ուզում եմ նշել՝ սա մեկանգամյա գործընթաց է, այսինքն՝ մեկ անգամ անելուց հետո ապագա տարիներին մեր քաղաքացիները կարիք չունեն նույն գործընթացը անելու:
Այսինքն՝ մեկ անգամ արեցին, և այդ ստորագրությունը հնարավոր է օգտագործել տարբեր տեղերում: Մենք նաև ընդունել ենք օրենք, որով աշխատանքային պայմանագրերը պետք է էլեկտրոնային ստորագրվեն մյուս տարվանից: Սա նույնպես ենթադրում է, որ քաղաքացիները պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահի տեղակալը:
