Ադրբեջանը ինտենսիվ կերպով ռազմական տեխնիկա է տեղափոխում Բաքու. ՀՀ ԱԽ քարտուղար
Մտահոգիչ են Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները:
Բացի դրանից՝ մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից՝ մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու:
Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծենք տարածաշրջանում: ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, որը հուսով ենք, որ շուտով կերկարաձգվի, Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, որը կարծում ենք, որ կարևոր գործոն է կայունության տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցող ռազմակաան բարեփոխումները որոշակի կայունության գործոններ են, և մենք այս բոլորը համատեղ ենք հաշվի առնում»,- ասաց նա:
Գրիգորյանը նաև նշեց, որ ՀՀ–ն երկրի հետ իր հարաբերությունները երրորդ երկրի հաշվին չի իրականացնում: Հայաստանը համարում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնի Բրյուսելի և ԵՄ անդամների հետ, նաև Միացյալ Նահանգների հետ, և սերտացնում է:
