Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը վերանան. ՀՀ ԱՀԾ
Ռազմական բլոկների կենսունակությունը կշարունակի մնալ մարտահրավերի ռեժիմում:
«Այս առումով, ի հեճուկս հիմնադիր պայմանագրային կարգավորումներին՝ ՀԱՊԿ անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025 թվականին ամենայն հավանականությամբ չի փոխվի»,- ասվում է զեկույցում։
Կառույցը քիչ հավանական է գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը նշանակում է, որ անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար։
«Թե տարածաշրջանում և թե տարածաշրջանից դուրս պետությունների կողմից պաշտպանական ծախսերի աճի տեմպը, սպառազինության և ռազմարդյունաբերության զարգացման միտումը կշարունակվի, ինչը խնդիրներին ռազմական արձագանքը կպահպանի որպես հիմնական գործելակերպ նաև մեր փոքր տարածաշրջանի դերակատարների համար։
Այս իրողությունները կշարունակեն գեներացնել նաև ասիմետրիկ ռիսկեր նյութական և ոչ նյութական ռեսուրսների օբյեկտիվորեն փոքր պաշար ունեցող պետությունների համար, ինչպիսին Հայաստանն է»,- ասվում է Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ:
