Սաուդյան թագաժառանգը ֆանտաստիկ տղա է, նրան կխնդրեմ ԱՄՆ-ում ներդրումների թիվը կլորացնել ու հասցնել 1 տրլն դոլարի. Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիային առաջարկել է հայտարարված 600 մլրդ դոլարի փոխարեն 1 տրիլիոն դոլար ներդնել ԱՄՆ տնտեսությունում, գրում է cnbc.com-ը:

«Այսօր թերթերում կարդացել եմ, որ Սաուդյան Արաբիան առնվազն 600 մլրդ դոլարի ներդրում է անելու Ամերիկայում: Բայց ես թագաժառանգ արքայազնին, որը ֆանտաստիկ տղա է, կխնդրեմ այդ թիվը կլորացնել ու հասցնել 1 տրիլիոն դոլարի:

Կարծում եմ՝ նրանք կանեն դա, քանի որ մենք շատ լավ ենք վերաբերվել նրանց», — ասել է ԱՄՆ նախագահը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում տեսակապի միջոցով իր ելույթում:

Նախօրեին հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանն ասել է, որ թագավորությունը ցանկանում է 600 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ում առաջիկա չորս տարվա ընթացքում:

«Թագաժառանգը հաստատել է թագավորության մտադրությունը՝ ընդլայնել ներդրումներն ու առևտուրը Միացյալ Նահանգների հետ առաջիկա չորս տարիների ընթացքում՝ մինչև 600 միլիարդ դոլար և, հնարավոր է, ավելին», — ասվում է հայտարարության մեջ:

Երկուշաբթի իր երդմնակալությունից հետո Թրամփն ասել էր, որ հնարավոր է  Սաուդյան Արաբիա կատարի իր առաջին արտասահմանյան այցը, ինչպես դա արել էր 2017 թվականին:

«Առաջին արտասահմանյան ուղևորությունը (ԱՄՆ նախագահի-Խմբ.) սովորաբար Մեծ Բրիտանիա էր, բայց վերջին անգամ ես այն կատարեցի Սաուդյան Արաբիա, քանի որ նրանք համաձայնեցին գնել 450 միլիարդ դոլարի մեր արտադրանքը:

Եթե Սաուդյան Արաբիան ցանկանար գնել ևս 450 կամ 500 միլիարդ դոլարի արտադրանք… կարծում եմ՝ հավանաբար կգնայի», — ասել է Թրամփը լրագրողներին Օվալաձև աշխատասենյակում:

You may also like...