ՊԵԿ նախագահը եվ ՌԴ դեսպանը քննարկել են «Վերին Լարս»-ում խնդիրներն ու դրանց օպերատիվ արձագանքմանն առնչվող հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնել են ՊԵԿ-ից, հանդիպմանը դեսպանը շնորհավորել է ՊԵԿ նախագահին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև սերտ համագործակցային հարաբերություններն ավելի կամրապնդվեն և կնպաստեն երկու երկրների տնտեսական զարգացմանը՝ ինչպես երկկողմ փոխգործակցության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակում։

Հանդիպմանը քննարկվել են մաքսային և հարկային փոխգործակցության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 2024թ․ դեկտեմբերի 20-ին կայացած նիստում համաձայնեցված՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքների տեղափոխման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձնական ծրագրի կազմակերպմանն ու իրականացմանը։

ՊԵԿ նախագահը նաև ընդգծել է ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին միջկառավարական համաձայնագրի նախագծի մշակման կարևորությունը։

Կողմերի միջև քննարկվել են նաև «Վերին Լարս» սահմանային անցման կետում խնդիրների առաջացմանն ու դրանց հնարավոր լուծումների և օպերատիվ արձագանքմանն առնչվող հարցեր։

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակելու ՊԵԿ ծառայողների համար նախկինում կազմակերպված ռուսերեն լեզվի կարողությունների զարգացման ծրագրերը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց վճռականությունը՝ սերտորեն համագործակցելու ընդհանուր նպատակներին հասնելու համար:

You may also like...