Մենք աղոթում ենք, որ սա լինի վերջին տարին, որ մենք զրկված ենք գերագույն հրամանատարությունից. Բագրատ Սրբազան
Ցանկանում եմ գլուխ խոնարհել բոլոր ժամանակների մեր նահատակ հերոսների առջև։ Այս մասին ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով հղած տեսաուղերձի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:
Սրբազանի խոսքով, ամբողջ Հայաստանն այսօր գտնվում է խոցված վիճակում:
«Այսուհանդերձ, այսօր գտնվում ենք խոցված վիճակում, գողացված պատվի և գողացված ուրախության ժամանակներում։
Մենք կոչված ենք վերականգնել մեր պատիվը, մենք կոչված ենք վերականգնել մեր ուրախությունը, հայոց բանակի հաղթական ավանդույթները և շարունակել նրա հաղթական շքերթը, մեզանից շատ չեն հեռացած այդ հաղթանակի բերկրանքը, հաղթանակի քաղցրությունը, հաղթանակի հպարտությունը, որ մենք ապրել ենք ամեն օր, սակայն 2018 թվականից ի վեր մեզանից խլվել է այդ հաղթանակը, մենք չունենք գերագույն հրամանատարություն և մեր աղոթքն ու մաղթանքն է, որ այս տարի լինի վերջին տարին, որ մենք զրկված լինենք այդ գերագույն հրամանատարությունից և կոչված լինենք մեր մարտական խնդիրները կատարելու այնպես, ինչպես սովոր էինք կատարել։
Այո, դժվարին օրեր են մեզ համար, սակայն դժվարությունները ոչ թե մեզ կքելու, ընկճելու, հուսահատեցնելու համար են, այլ ավելի զորացնելու, ավելի ամրապնդելու և ավելի մղելու առաջ մեր երազները, մեր ձգտումները և մեր տեսիլքները իրականացնելու համար։
Մենք պարտվել ենք պատերազմում, մենք կորցրել ենք մեր հայրենիքի ամենաթանկ հատվածը, սակայն այդ պարտությունը եղել է քաղաքական պարտություն։ Այդ պարտության դառն ճաշակումը գտել է մեր բանակը, մեր պետությունն իր ամբողջության մեջ։ Ամրացրեք ձեր սրտերը, վերականգնեք ձեր հավատքը, վերականգնեք և հաստատեք հայոց սպայի պատիվը, որովհետև մեր թշնամիները ուրախանում են մեր տկարությամբ»,- ասաց Բագրատ Սրբազանը:
