Գործադիրը 444,338 մլն դրամ է հատկացրել ՀՀ յոթ մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար մարզպետարաններին
Կառավարությունը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև համապատասխան որոշման մեջ և 444,338.0 մլն ՀՀ դրամ հատկացրել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին` սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի զեկուցմամբ՝ նախագծով առաջարկվում է գումար հատկացնել 7 մարզերի 2021-2022 թվականներին հաստատված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու նպատակով: «Դրանք 18 բնակավայրում 23 ծրագրեր են, որից 7-ը 2022 թ. հաստատված ծրագրեր են, մյուսները՝ 2021 թ.: Այսպիսով, եթե մենք այսօրվա որոշումն էլ կայացնենք, կստացվի, որ 2022 թ. արդեն 347 ծրագիր է Կառավարությունը ֆինանսավորել իր մասնաբաժնով, և այդ գումարը 9 մլրդ 711 մլն դրամ է»,- նշել է նախարարը:
Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման ենթակա սուբվենցիայի ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, Արագածոտնի մարզում Մաստարա բնակավայրում բարեկարգվել է միջոցառումների տան 2200 քմ տարածքը, կառուցվել են բետոնե և պողպատյա ցանկապատներ: Արագածավան և Արտենի բնակավայրերում ասֆալտապատվել է 1090 մ երկարությամբ փողոց: Արարատի մարզի Գինեվետ բնակավայրում հիմնանորոգվել է 3-րդ փողոցի 4-րդ և 5-րդ հասցեներում գտնվող բնակելի շենքերի տանիքները՝ ավելի քան 800 քմ: Նույն համայնքում Գործարանային 7 հասցեում գտնվող զբոսայգու վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, կառուցվում են և սալիկապատվում են մայթերը, ճաղավանդակներ, տեղադրվում դարպաս, երկաթյա դռներ, 2 կառուսել, 2 ճոճանակ, սղարաններ: Խաչփար բնակավայրի 15-րդ փողոցի 860 մ երկարությամբ ոռոգման առուները վերանորոգվում են: Արմավիրի մարզում Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրի Մ. Մելքոնյան փողոցն է ասֆալտապատվել: Փարաքար համայնքի Վ. Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցման և Էրեբունի փողոցի 1420 գծմ երկարությամբ կեղտաջրերի հեռացման համակարգերի նորոգման աշխատանքներ են իրականացվել: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ բնակավայրում կառուցվել է նոր կապտաժ, հին մետաղական խողովակաշարը փոխարինվել է նոր մետաղապլաստե խողովակաշարով, մշակվել խրամուղին ու փոսորակը: Նույն մարզի Ակունք բնակավայրում վերանորոգվում է մշակույթի տան դահլիճը՝ 650 քմ: Մարտունի համայնքում վերանորոգվել է համայնքի «Մանկական արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի 560 քմ մակերեսը, փոխվել են երկրորդ հարկի դռները և պատուհանները: Մարտունի համայնքում կառուցվում է լուսավորության նոր համակարգ համայնքի Կարապետյան, Հերացի, Գետափնյա, Գ. Նժդեհ և Կամոյի փողոցներում: Ճամբարակ համայնքնում իրականացվել է Գետիկ, Դպրաբակ բնակավայրերի, Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկ և Սարալանջ փողոցների լուսավորության ցանցի կառուցում՝ 3500 մ ընդհանուր երկարությամբ: Լճավան բնակավայրում վերակառուցվել է 1208 մ ջրագիծ և վերանորոգվել 12x15x3 տարողությամբ ջրամբարը, տեղադրվել է էլ. շարժիչ և մղիչ պոմպ, ցանկապատվել ջրամբարը: Գավառ քաղաքում հիմնանորոգվում է Սայաթ-Նովա փողոցը և գերեզմանոց տանող ճանապարհը: Լուսակունքում կառուցվել է բնակավայրի գլխավոր թիվ 1 փողոցի 1050 գծմ հատվածի և գլխավոր մայրուղուց սկսվող թիվ 10 փողոցի լուսավորության համակարգ՝ շուրջ 2,1 կմ երկարությամբ: Շողակաթ բնակավայրում ասֆալտապատվել է 9-րդ, 4-րդ, 1-ին փողոցները, անցկացվել են ջրահեռացման կիսախողովակներ: Նույն բնակավայրում վերանորոգվել է բազմաբնակարան շենքի մուտքերը, տեղադրվել է 4 մետաղական դուռ, նորոգվել պատերի գաջի սվաղը և այլն: Լոռու մարզում Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում տուֆ քարով սալարկվել է 400 մ երկարությամբ փողոցը և տուֆ քարով սալարկվում է Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 540 մ երկարությամբ փողոցը: Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զորավան բնակավայրի 1600 մ երկարության 9600 քմ մակերեսով ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել: Արամուս բնակավայրում հիմնանորոգվել է Ջրմուղի փողոցի 1940 մ երկարությամբ, 4,5 մ լայնությամբ ճանապարհը: Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրում ասֆալտապատվել է բնակավայրի թիվ 1 փողոցի մոտ 1.3 կմ հատվածը և թիվ 8 փողոցի մոտ 02 կմ հատվածը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս ծրագրերի իրականացման կապակցությամբ արձանագրել է. «Մեզ համար այլևս ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում շինարարական ընկերությունների հզորություններն ակնհայտորեն չեն բավականացնում Հայաստանում պետության կողմից, Կառավարության կողմից ֆինանսավորվող կապիտալ ծախսերն իրականացնելու համար: Ես ուզում եմ էլի բոլորիս հիշեցնել, թե ինչպես են կապիտալ ծախսերն իրականացվել: Կառավարությունը որոշում է, որ ենթադրենք ինչ-որ ճանապարհ, ջրմուղ կամ որևէ այլ ֆիզիկական ենթակառուցվածք ստեղծի, դրա համար մենք տրամադրում ենք ֆինանսավորում նախ նախագծման համար, որից հետո հայտարարվում է շինարարական մրցույթ: Այսինքն՝ բուն շինարարությունն իրականացնում են մասնավոր ընկերությունները:
Մասնավոր ընկերության հետաքրքրությունն այն է, որ պետք է այդ շինարարությունն իրականացնի ու շահույթ ստանա: Այսինքն՝ Հայաստանում պետական շինարարական ընկերություններ գոյություն չունեն արդեն տասնյակ տարիներ: Հետևաբար՝ երբ կապիտալ ծախսերը չեն իրականացվում կամ թերակատարվում են, այստեղ երկու խնդիր կա՝ կազմակերպչական, թե ինչքանով է Կառավարությունն օպերատիվ իրականացնում այդ մրցույթները, ֆինանսավորումը և այլն, և ֆիզիկական հատվածն ամբողջությամբ կախված է մասնավոր հատվածից: Իհարկե, Հայաստանում վերջին տարիներին մասնավոր ընկերություններ են բացվել, բայց միևնույն ժամանակ մենք արձանագրում ենք, որ շինարարական ընկերությունների կարողությունները չեն համապատասխանում կառավարության սահմանած նշաձողերին: Բայց, իհարկե, մյուս կողմից էլ մենք ի՞նչ կարող ենք անել: Մենք կարող ենք այս մասին բարձրաձայնել, որ այսպիսի խնդիր կա, որպեսզի մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրենք, որ այստեղ կա ոլորտ, որտեղ կարելի է ներդրում անել և շահույթներ ստանալ: Իհարկե, քաջալերել, աշխատել մասնավոր հատվածի հետ, որ դա տեղի ունենա: Փաստն այն է, որ կապիտալ ծրագրերի իրականացման հատվածում մենք պարբերաբար ունենում ենք պրոբլեմներ: Այդ պրոբլեմը հետևյալն է, որ շինարարությունները միշտ չէ, որ ժամանակին և պատշաճ որակով են արվում: Հիմա մենք տեսնում ենք, որ կապիտալ ծախսերի թերակատարումները կապված են նաև դրա հետ: Բայց սա չի նշանակում, թե մենք պետք է ամեն ինչ մասնավորի պատասխանատվության ոլորտ տեղափոխենք: Այստեղ մեր անելիքներն էլ կան՝ նույն գնումների օրենսդրության շարունակական բարեփոխումները, որոնց մասին խոսում ենք, և պրոբլեմի ավելի խորը ուսումնասիրությունը»:
