Բոլորն ուզում են լինեն հայրենասեր, բայց այդ ամբողջ պատասխանատվությունը դնում ենք զինվորի վրա. Փաշինյան

Մենք ավելի ու ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար, որովհետև, ի վերջո, նպատակը՝ և՛ նահատակների, և՛ բանակի, Հայաստանի Հանրապետությունն է՝ անվտանգ, զարգացած, բարեկեցիկ, երջանիկ:

Այս մասին իր ելույթում ասել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով Պաշտպանության նախարարություն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ այս առումով, ուզում եմ մի դիտանկյունից նայել այն ընկալմանը, որ մենք մեր հանրապետության ստեղծման առաջին օրերից, հետագայում ավելի շատ, ունեցել ենք մեր բանակի նկատմամբ:

Բայց ես ուզում եմ նախ ներողություն խնդրել մեր բանակից, զինծառայողներից, մեր զինվորներից, հիմա կասեմ, թե ինչի համար: Բոլոր ղեկավարներն ուզում են և պետք լինեն հայրենասեր, բոլոր քաղաքական գործիչներն ուզում են և պետք է լինեն հայրենասեր, բոլոր քաղաքացիներն ուզում են և պետք է լինեն հայրենասեր, բոլոր հանդիսավարներն ուզում են և պետք է լինեն հայրենասեր:

Բայց պրոբլեմն այն է, որ մենք մեր հայրենասիրության և հայրենասիրությունների ամբողջ պատասխանատվությունը դնում ենք զինվորի վրա: Ամեն ինչի և ամեն բանի պատասխանատվությունը դնում ենք զինվորի վրա:

Մենք մեր պետականաշինության բացթողումները քողարկելով ասում ենք՝ դե, զինվորն իր գործը կանի: Մենք արտաքին քաղաքականության մեր բացթողումները լրացնելու համար ասում ենք՝ դե, զինվորը, հետևաբար նաև սպան, բանակն իր գործը պետք է անի:

Մենք տնտեսության մեր բացթողումները լրացնելու համար ասում ենք՝ դե, զինվորի համար է արվում, զինվորն իր գործը կանի: Եվ մենք զինվորի և բանակի ուսերին հաճախ դնում ենք անտանելի բեռներ, և այդ բեռները ձևավորվում են բոլորիս՝ ամեն տեղ և ամենուր հայրենասեր լինելու մղումներից:

Բայց ի՞նչ եմ ես առաջարկում, արդյոք ես առաջարկում եմ հայրենասեր չլինել: Քավ լիցի, իհարկե, չեմ առաջարկում այդպիսի բան: Ես առաջարկում եմ, որ հայրենասիրության մեր մոդելը պատասխանատվություն դնի ոչ միայն բանակի ու զինվորի վրա, հերոսության առաքելություն ոչ միայն դնի բանակի ու զինվորի վրա, այլ ընդհակառակը՝ մեր հանրության և պետության բոլոր շերտերը՝ ամեն մեկն իրենց չափով կրեն, վերցնեն այդ պատասխանատվությունը և հայրենասիրության մեր օբյեկտը լինի այնպիսին, հայրենասիրության մեր բովանդակությունը լինի այնպիսին, որ չզոհաբերի զինվորին, որ չզոհաբերի բանակը:

Սա է պատճառը, որ ես ինքս շատ եմ խոսում և առաջարկում՝ «Հայրենիքը Պետությունն է» կարգախոսը, որովհետև սա է այն մոդելը, որը մեզ հնարավորություն է տալու առաջինը՝ զարգացնել պետությունը, երկրորդը՝ անտանելի բեռներ չդնել մեր զինվորի և բանակի վրա:

Եվ մենք պետք է շատ հստակ հայտարարենք, որ որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, մեր զինվորին առաջարկում է շատ կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների, մեր տարածքների անվտանգությունը:

Եվ սա է այն մոդելը, որի վրա պետք է կառուցենք մեր նոր, նորացված, թարմացված պաշտպանունակ բանակը: Սա է այն հենքը, որի վրա պետք է իրագործենք բանակի կերպափոխման այն հայեցակարգը, որն արդեն Անվտանգության խորհրդի հավանությանն է արժանացել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

You may also like...